24 December 2011

Minister of Diaspora Hranush Hakobyan's wishes for 2012 (Armenian)

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ամանորյա շնորհավորական խոսքը

Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ,

Ավարտվում է տարին, և բոլորս նոր երազանքներով, նոր ցանկություններով ենք սպասում Նոր տարուն: Ուստի ես ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ և մաղթում, որ 2012 թվականը Հայաստանի, Արցախի, Սփյուռքի և համայն մարդկության համար լինի խաղաղության, կայունության, հաջողությունների և սպասումների իրականացման տարի:

Ամանորն այն տոնն է, որ հրաշալի կերպով իրար է կապում անցյալը, ներկան ու ապագան, պայծառ երազանքներն ու նոր նպատակները, անզուսպ ուրախությունն ու հանդարտ տխրությունը, անցնող ժամանակի ափսոսանքն ու ձգտումը դեպի գեղեցիկ ապագա:

Հանուն մեր պետության, մեր ժողովրդի ապագայի` մենք պետք է մեր ուժերն ու կարողությունները, կապերն ու հնարավորությունները ծառայեցնենք այսօր մեր առջև ծառացած մարտահրավերների լուծմանը:

Սիրելի´ հայրենակիցներ, ի՛նչն առաջնային պետք է համարենք Նոր տարում:

Հայաստանը համայն հայության Հայրենիքն է: Նոր տարում եկեք կրկին շեփորենք, որ այն անփոխարինելի է ու անմրցակից, մերն է` անկախ նրանից, թե ինչքան հիմնախնդիրներ ունի: Ուրեմն եկեք բազմապատկե՛նք մեր ջանքերը, հայկական ներուժը, նպաստենք ոչ միայն Հոգևոր Հայաստանի, այլ նաև նյութական-առարկայական Հայաստանի շենացմանը` կուլ չգնալով համաշխարհայնացման համահարթեցման երախին:

Թող որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը ֆիզիկական և հոգևոր ամրություն հաղորդի բոլորիս, թող որ մեր գործնական կապերի ամրապնդման և զարգացման ճանապարհին իրականացվող ազգանվեր ձեռնարկներն ու ներդրումները զորացնեն հայոց պետությունը:

Օգտագործելով համամարդկային քաղաքակրթության լավագույն ձեռքբերումները` զարգացնենք հայկականը, ազգայինը` հանուն Հայաստանի անվտանգության, կայունության ու առաջընթացի, մարդկային արժանապատվության, հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովման:

Եկող տարին մեզ ավելի է մոտեցնում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Նրա ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի բոլոր սերունդների պարտքն է, և պետք է շարունակել պայքարն այս ուղղությամբ, ինչպես որ վերջին օրերին արեցին ֆրանսահայերը, ֆրանսիացիները:

Դարերով երազած և ազատ, անկախ Արցախն այսօր իր պետականակերտումը երջանկապես չէր իրականացնի, եթե չլիներ Հայաստանի և Արցախի հերոսական զինուժի, ինչպես նաև Սփյուռքի մեր ազնիվ հայորդիների բարձրագույն բարո¬յակա¬նու¬թյու¬նը` ապրել ու մեռնել հանուն Հայրենիքի:

Թող որ Նոր տարում Հայաստանը և Արցախը Հայոց հերոսական ու պանծալի բանակի հզոր պաշտպանության ներքո դառնան ավելի զորեղ, խաղաղ և ապրեն հայրենակերտումի հաղթարշավի շրջան:

Իմ հեռու և մոտ բարեկամներ,

Ամանորը բերում է նոր սպասելիքներ, ուրեմն «թող նա գա նախ և առաջ իբրև մեջքապնդող գոտի բոլորիդ համար` աշխարհագրական որ գոտիներում էլ լինեք»:

Աշխարհի տարբեր ծեգերում ապրող իմ հայրենակիցներին, մեծերին ու փոքրերին, կանանց ու տղամարդկանց, սփյուռքյան կազմակերպությունների ղեկավարներին, ատենապետներին, խորհուրդների անդամներին, մեր աննման մանկավարժներին, հոգևոր դասին մաղթում եմ սեր, միություն, միաբանություն ազգային գաղափարների և դրանց իրականացման շուրջ:

Վե՛ր կանգնենք նեղ անձնական շահերից և համաշխարհայնացման խելահեղ այս դարում պահպանենք մեր ազգային դիմագիծը: Հայ լինելն ու հայ մնալը պարտավորություն է և հպարտություն:

2012-ին ևս առավել համախմբված նպաստենք, նեցուկ լինենք մեր երկրի բարօրությանն ու հզորացմանը, Ղարաբաղի հարցին, մեր արդար դատին:
Բանաստեղծական մի տողով մաղթում եմ`

«Թե կան բախտի փշոտ ճամփեք, թող ծաղկունքով կանաչեն,
Ու երջանիկ սպասումով բոլորն արբեն այս գիշեր»:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ՈՒ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ,
ԹԱՆԿԱԳԻ՛Ն ԲԱՐԵԿԱՄՆԵՐ: